Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

....

....
10.02.2009 | 00:00

Իմ խե՜ղճ Յորիկ...
Պարզվում է` Սերժ Սարգսյանը ոչ միայն կմասնակցի ԲՀԿ «անակնկալային» համագումարին, այլև ավելին` նախագահի մամլո ծառայությունը կհավատարմագրի լրագրողներիս` բոլորով միասին համագումարին մասնակցելու համար:
Բոլոր դեպքերում` ՀՀԿ-ԲՀԿ ինչպիսի՜ սերտաճում:
ՈՒ թե այս ամենին էլ գումարում ենք հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը նաև ելույթ կունենա համագումարում, պարզ է դառնում, թե Հայաստանում որտեղ են ձմեռում խեցգետինները:
Ի դեպ, համագումարին կմասնակցի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գուցե ԲՀԿ համագումարյան անակնկալները հենց սրա՞նք էին, թե չէ` գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն, Քոչարյանը կգա, փաթեթով բոլորին դուրս կանի, կասի` էս ԲՀԿ-ն իմն է, էս վարչապետի աթոռն իմն է, էս «վոյիններն» ո՞վ են... Ի դեպ, թե ինչու նրան չեն հրավիրել համագումարին, ԲՀԿ-ից ասացին` ինքը քաղաքական ուժ չի ներկայացնում (դե որ կանչեին, կուսակցության «ռույլը» տային ձեռը` կներկայացներ): Բայց, մյուս կողմից էլ, ախր` «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»:
Չեն գնահատում, էլի, «իմ կուսակցականները» թոշակի գնացած Քոչարյանի վաստակը և ուզում են, որ նա հուր հավետ չվերադառնա:
Ոչինչ չես կարող անել` «կոպիտ դար է, կոպիտ բարքեր»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Մանրից» տրանսֆորմացվում ենք
Արևմտյան դիտորդների հավաստմամբ` Սերժ Սարգսյանը Մյունխենում մի ամբողջ շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել արևմտաեվրոպական որոշ երկրների քաղաքական վերնախավը ներկայացնող երևելի դեմքերի հետ` քննարկելով ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ բացառապես մեր տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրներ։ Հանդիպումների հիմնական մեխը դեպի Արևմուտք Հայաստանի դանդաղ, աստիճանական տրանսֆորմացիայի խնդիրն է եղել։ Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ նման հետաքրքրությունը լիովին տեղավորվում է տարածաշրջանում Արևմուտքի վարած քաղաքականության շրջանակներում։ Ի դեպ, դրսում ՀՀ նախագահի լոբբինգով արդեն տևական ժամանակ զբաղվում են հանրապետության նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանն ու հայտնի մեծահարուստ Վաչե Մանուկյանը, և մյունխենյան բարձր մակարդակի վերջին հանդիպումներն էլ նրանց էլիտար շփումների արդյունք են։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Ռուբլուն սպառնում է արժեզրկումը
Ինչպես նշում են միջազգային տնտեսական փորձագետները, առաջիկայում սպասվում է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկում։ Առայժմ Ռուսաստանի կենտրոնական բանկն ազգային արժույթի գինը պահպանում է միջազգային ռեզերվների հաշվին։ Սակայն Bank of America-Merrill Lynch-ը խորհուրդ է տվել ռուսական ԿԲ-ին` դադարեցնել ռուբլու արժևորումն արհեստականորեն ապահովելու գործընթացը, եթե երկրի միջազգային ռեզերվները նվազեն մինչև 300 մլրդ դոլար։ 2009-ի հունվարի դրությամբ դրանք կազմում էին 426,5 մլրդ դոլար, և ռուսական կենտրոնական բանկը դեռևս 126,5 մլրդ դոլարի ռեզերվ ունի ռուբլու կտրուկ անկում թույլ չտալու համար։ Սակայն կենտրոնական բանկի փորձագետները զգուշանում են, որ հիշյալ գործընթացի ավարտը կարող է հասնել սպասվածից շատ ավելի շուտ, քանի որ դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու ներկայիս կուրսը պահպանելու համար ԿԲ-ն ամսական ծախսում է 40-45 մլրդ դոլար։
Վ. Մ.

Ոչինչ մարդկային խորթ չէ նրան
Մի շարք լուրջ բրիտանական պարբերականներ, մասնավորապես, «Թայմսը», «Դեյլի տելեգրաֆը», ԲիԲիՍի-ն, տեղեկացրին ընթերցողներին, թե հատուկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի համար կազմակերպվել է հանրահռչակ շվեդական ABBA խմբին կրկնօրինակող «Bjorn Again» խմբի համերգը։ «Թայմսի» թղթակիցը պնդում է, որ այդ համերգի համար Կրեմլը վճարել է 20000 ֆունտ, իսկ տեղի է ունեցել այն Վալդայ լճի մոտ գտնվող ինչ-որ առանձնացված վայրում։ «Bjorn Again» խմբի մեներգչուհի Էյլին Մակլաֆլինը հետագայում պատմել է, որ համերգի ընթացքում իրենք կատարել են ABBA խմբի ամենանշանավոր երգերը, իսկ դահլիճում ներկա է եղել ամենաշատը տասը հոգի։ Ինքը` Պուտինը, ինչ-որ կնոջ հետ նստած է եղել դահլիճի` վարագույրով անջատված հատվածում գտնվող բազմոցին։ «Երբ մենք կատարում էինք ամենահայտնի երգերից մեկը, նա տեղում նստած պարում էր, իսկ երբ մեկ այլ հայտնի երգի ժամանակ հանդիսատեսներին խնդրում էինք վեր բարձրացնել ձեռքերը, նա նույնպես բարձրացնում էր։ Առհասարակ, ոգևորված ծափ էր տալիս և ամեն կերպ խրախուսում երգիչներին։ Դա ամենափոքր լսարանն էր, որի առաջ ես ելույթ ունենալու առիթ եմ ունեցել»,- նշել է «Bjorn Again» խմբի մեներգչուհի Էյլին Մակլաֆլինը։
Այս կապակցությամբ բրիտանական «Թայմսը» նշում է. «Թեկուզ Պուտինը նախկինում երբեք առիթ չի տվել մտածելու, որ ինքը 1970-ականների շվեդական նշանավոր խմբի երկրպագուն է, բայց նրա սերն աղմկոտ հանգստի նկատմամբ այլևս ապացուցված փաստ է։ Ռուսաստանի առաջնորդը հաճախակի հյուր է նաև Սարդինիա կղզում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին պատկանող ամառանոցում, որտեղ մեկ անգամ չէ, որ զվարճացել է իր իտալացի ընկերոջ մեդիա կայսրության դերասանուհիների պարերով և երգերով»։ Մինչդեռ ԲիԲիՍի-ն պնդում է, թե Ռուսաստանի վարչապետի ներկայացուցիչը հերքել է վերոնշյալ համերգի կազմակերպման և Պուտինի` այնտեղ լինելու մասին տեղեկատվությունը։

Աչքակապուկ
Ռուսաստանյան աղբյուրները վկայում են, որ Կրեմլից ակնկալվող կես միլիարդ դոլարի մի չափաբաժինը հատկացվելու է Գյումրիում ռուսական ռազմական օբյեկտների կառուցմանը։ Ճիշտ է, շինարարությունը վստահվելու է հայաստանյան կազմակերպություններին, ու ներգրավվելու է տեղական աշխատուժը, ինչն ինքնին ողջունելի է, սակայն փաստը մնում է փաստ, որ ռուսներն, ինչպես միշտ, հավատարիմ են իրենց տնտեսական ռազմավարությանը` մի ձեռքով տալիս են, մյուսով` առնում։
Լ. Մ.

Շաբաթը` ուրբաթից շուտ
Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` փետրվարի 3-ին իր տան շքամուտքում սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը բավականին բարդ հարաբերությունների մեջ է եղել ոստիկանական համակարգի հետ, որտեղ նրա նշանակումը դիտվում է որպես փոխզիջում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Գաղտնիք չէ, որ Քոչարյանն իր թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովին էր ցանկանում տեսնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, ինչին կտրականապես դեմ էր Սերժ Սարգսյանը, բայց որովհետև հանրապետության երկրորդ նախագահը խիստ էր շահագրգիռ ոստիկանական համակարգում անպատճառ իր «մարդն» ունենալու խնդրում, երրորդ նախագահը գնացել էր կոմպրոմիսի` փոխոստիկանապետի աթոռը զիջելով Գևորգ Մհերյանին, ով Քոչարյանի իրավական հարցերով խորհրդականն էր։ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Մհերյանի հարաբերությունները բարդ էին այնքանով, որ վերջինս իր անմիջական ղեկավարի հրամանները շատ հաճախ հրաժարվում էր կատարել։ Քաղաքական վերնախավում համառ լուրեր էին պտտվում, որ եթե Քոչարյանը վերադառնա «բուրգ», Գևորգ Մհերյանը շատ մոտ ապագայում կարող է հավակնել ՀՀ ոստիկանապետի աթոռին։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Խոսելը փողով է
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը փաստացիորեն հասել է այնտեղ, որ Նյու-Յորքում բացվել է շտապ տնտեսական օգնության ծառայություն, որը բոլոր ցանկացողներին 50-100-ական դոլար է տրամադրում: Եվ եթե ԱՄՆ-ի իշխանությունները երկրի ֆինանսական հատվածին բազմամիլիարդանոց վարկեր են հատկացնում, վճարովի հայտարարությունների ինտերնետ ծառայություններից մեկը մարդկանց կանխիկ գումարներ է տրամադրում, բնականաբար, գովազդային նպատակներով: Այդ գումարը ստանալու համար դիմողից պահանջվում է ընդամենը մեկ բան` «Փրկիչ Բիլլ» անունով օպերատորին պատմել, թե ինչու է ինքը հայտնվել անելանելի վիճակում։
Փողի պահանջ ունեցողների թիվն այնքան մեծ է եղել, որ ցանկացողները ստիպված մի քանի ժամ հերթ են կանգնել: Իսկ ակցիայի կազմակերպիչ ինտերնետ ծառայությունը «ճգնաժամային» իրավիճակում գտնվող մարդկանց խոստովանությունները տեղադրել է ինտերնետում, որը և դարձել է վերջին օրերին ամենաշատ հարցում ստացած կայքերից մեկը:
Ա. Մ.

Բռնկում չկա
Լոռու մարզում սովորաբար օրական միջին հաշվով արձանագրվում է աղիքային վարակի 3-4 դեպք: 2009 թվականի փետրվարի 1-ին և 2-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սովորական ֆոնը 1-2 դեպքով գերազանցող աղիքային վարակիչ հիվանդությունների առկայություն: Հիվանդները տարբեր հասցեներից են, մասնավորապես` Վանաձորի տարբեր թաղամասերից և մարզի Գուգարք, Դարպաս, Վահագնի ու Սանահին գյուղերից, ինչպես նաև 1 հիվանդ՝ Իջևան քաղաքից: Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարությունից, սա սովորական համաճարակային իրավիճակ է: Հաշվի առնելով 2008 թ. հոկտեմբերին Վանաձորում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման փորձը` իրականացվել են բակային համայցեր, որոնք ևս ապացուցել են բռնկման բացակայությունը. համայցերի արդյունքում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել:
Լ. Գ.

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ